slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Հայաստանում առաջին անգամ անց է կացվել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը*

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) անդամ երկրների երկու տասնյակից ավելի պատվիրակներ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով ժամանել են Երևան՝ հոկտեմբերի 4-ից 6-ը մասնակցելու ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովին, որն առաջին անգամ անց է կացվում Հայաստանում։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Լիտվիայից, Պորտուգալիայից, Հունաստանից և եվրոպական այլ երկրներից։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։ Վերջինս երախտագիտություն հայտնեց «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի նախագահ Իզոլդա Վագներին և փոխնախագահ Դագմար Բոսսին համատեղ ջանքերով աշխատանքային խմբի 24-րդ հանդիպումը Երևանում իրականացնելու համար՝ շեշտելով ENFSI-ի կազմում նմանատիպ միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության միջոցով մասնագիտական լայն շրջանակների համախմբման, գիտելիքների և գիտամեթոդական մոտեցումների փոխանակման արժանի հարթակի ստեղծման կարևորությունը, որը միտված է դատափորձագիտական ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովմանը։

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ լիիրավ անդամը, մշտապես ձգտում է կատարելագործել իր փորձագիտական անձնակազմի հմտությունները, ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը միջազգային մասնագիտական աշխատախմբերում, արդյունավետ կիրառել նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացմանը, իրականացվող փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ստացմանը։ Դատափորձագիտական ոլորտում մեր կազմակերպությանն արդեն իսկ հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների՝ շնորհիվ միջազգային լավագույն փորձի տեղայնացման, ժամանակակից նորագույն սարքավորումների և ծրագրային ապահովումների ներդրման, ինչպես նաև նոր մեթոդների և մեթոդիկաների մշակման և արդյունավետ կիրառման։ ENFSI-ի կազմում գործող կազմակերպությունների փորձառու մասնագետների հետ մասնագիտական սերտ շփումները մեզ համար չափազանց կարևոր են հետագա համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար»,-իր խոսքում նշեց կառույցի ղեկավարը։

Արգամ Հովսեփյանի խոսքով՝ դատափորձագիտական գործունեության արդիական ուղղություններից մեկը համարվող խոսքի և աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների ոլորտը պետք է համարժեք զարգացնի իր հնարավորությունները՝ անհերքելի փաստերի արձանագրման միջոցով աջակցելով իրավական գործընթացներին։

«Այս ոլորտի գործունեությունը հատկապես կարևոր է պատերազմական հանցագործություններին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման՝ այդ թվում ռազմագերիների և հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած քաղաքացիական անձանց նույնականացման, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային նորմերի խախտումների փաստերի հարցերով, ինչպես նաև կյանքի իրավունքի պահպանման խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ գանգատների նախապատրաստման համար»,-ասաց Բյուրոյի տնօրենը։

Արգամ Հովսեփյանը հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի նախանշել գործնականում ի հայտ եկող կարևոր խնդիրների լուծման արդյունավետ հնարավորությունները։

Աշխատաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը՝ եվրոպացի գործընկերներին ծանոթացնելով համանուն ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու ձեռքբերումները։

«Ստորաբաժանման հիմնադրումից մինչ օրս մեր փորձագետների կողմից իրականացվել են 1500-ից ավելի փորձաքննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են մոտ 10000 օբյեկտներ: Փորձագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրվում, ինչպես նաև կիրառվում են ժամանակակից փորձագիտական պրակտիկայում օգտագործվող թվային տեխնոլոգիաները և ծրագրային ապահովումները: Ձայնագրությունների որակի լավացման համար ևս կիրառվում են նորագույն ավտոմատացված համակարգեր և դրանց հիման վրա մշակված մեթոդներ: Համալիր փորձաքննությունների շրջանակներում, կախված խնդիրների լուծման նպատակներից, կատարվում է նաև ձայնային ազդանշանների և միջավայրի սպեկտրալ վերլուծություն»,-նշեց Բյուրոյի ներկայացուցիչը։

Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում` համաձայն օրակարգի, զեկույցներով հանդես եկան նաև եվրոպական մի շարք երկրների փորձագետներ՝ ներկայացնելով իրենց երկրների դատափորձագիտական կառույցներում խոսքի և աուդիո և տեսաձայնագրությունների փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները, համանուն ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններն ու կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները։ Աշխատանքային խմբի անդամներն արդյունավետ քննարկումներ ծավալեցին ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ անդրադառնալով ոչ ստանդարտ աուդիո և տեսաձայնագրային փորձաքննություններին, միջամտության ենթարկված աուդիո և վիդեո ֆայլերի հետազոտմանն ու արդյունքների վերլուծությանը, խոսքից կտրված (սինթեզված) բովանդակության հայտնաբերման համար վստահելի մեթոդաբանության մշակման մեխանիզմներին և ոլորտի այլ կարևոր հարցերի։

Աշխատաժողովի շրջանակներում ENFSI-ի աշխատանքային խմբի անդամները շրջայց կատարեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյում` տեղում ծանոթանալով առկա փորձագիտական հնարավորություններին և ձեռքբերումներին` իրականացնելով նաև փորձի փոխանակում։ Կլոր սեղան-քննարկման ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ նաև բյուրոյի անձնակազմի և եվրոպացի փորձագետների միջև։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեց հետագա համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow